Անցնել բովանդակությանը

Անգլերեն հայախոսների համար

Անգլերենի հնչյուններ, որոնք հայախոսը շփոթում է

Անգլերենում կան հնչյուններ, որոնք հայերենում չկան, և զույգեր, որոնց տարբերությունը հայերենում ոչինչ չի փոխում։ Արդյունքում think-ը հնչում է sink, wine-ը՝ vine, իսկ ship-ը՝ sheep։ Ասողը կարծում է՝ ճիշտ է ասել, լսողը լսում է ուրիշ բառ։

Այս ուղեցույցի ամեն էջում կա բառազույգերի ցանկ (անգլերեն՝ minimal pairs)․ երկու բառ, որոնք տարբերվում են միայն մեկ հնչյունով։ Յուրաքանչյուր բառի կողքին՝ բրիտանական արտասանությունը IPA-ով և կոճակ, որով կարող եք լսել այն։

Այս ուղեցույցի էջերը

Ինչու են դժվար հենց այս հնչյունները

Արևելահայերենն ունի վեց ձայնավոր (ա, է, ը, ի, օ, ու), և նրանցից ոչ մեկը երկար ու կարճ տարբերակ չունի․ «ի»-ն ինչքան էլ ձգեք, նույն «ի»-ն է մնում։ Անգլերենում sheep-ի երկար, լարված iː-ն և ship-ի կարճ, թուլացած ɪ-ն երկու տարբեր հնչյուն են, և դրանցից է կախված՝ որ բառն եք ասում։

Բաղաձայններից հայերենում չկան θ (think), ð (this) և w (west)։ Երբ հնչյունը մայրենի լեզվում չկա, բերանն ինքնաբերաբար փոխարինում է ամենամոտիկով՝ «թ», «ս», «դ», «զ» կամ «վ»։ Դժվարությունն այն է, որ անգլերենում այդ «փոխարինողները» արդեն ուրիշ բառեր են կազմում։

Լավ լուր էլ կա․ անգլերենի փչող p, t, k-ն (pen, ten, key) հայախոսի համար շատ ավելի հեշտ է, քան ուրիշների համար, որովհետև հայերենում արդեն կան փ, թ, ք։ Pen-ը «փեն» է, ոչ թե «պեն»։

Ինչպես պարապել բառազույգերով

  1. 1
    Նախ լսեք, հետո ասեք

    Լսեք զույգի երկու բառն էլ մի քանի անգամ, մինչև որ ականջը տարբերություն որսա։ Եթե չեք լսում տարբերությունը, դժվար թե կարողանաք ասել այն։

  2. 2
    Ձայնագրեք ինքներդ ձեզ

    Ասեք զույգը հեռախոսի ձայնագրիչի մեջ և համեմատեք։ Ձեր ձայնը կողքից լսելը շատ ավելի ազնիվ ստուգում է, քան ներսից լսելը։

  3. 3
    Խաղացեք ընկերոջ հետ

    Ընկերը կարդում է զույգից մեկ բառը, դուք գուշակում եք՝ որը։ Հետո դերերը փոխում եք։

  4. 4
    Անցեք նախադասությունների

    Երբ առանձին բառերը ստացվում են, կարդացեք էջի վերջի նախադասությունները։ Արագ խոսքում հին սովորությունը հեշտությամբ վերադառնում է։

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր արտասանությունն է այստեղ՝ բրիտանակա՞ն, թե՞ ամերիկյան

IPA տառադարձությունները բրիտանական են։ Այս էջերի զույգերը, սակայն, երկու տարբերակում էլ զույգ են մնում․ ship-ն ու sheep-ը, west-ն ու vest-ը, bag-ն ու back-ը ամերիկացին էլ է տարբերում։

Կարելի՞ է անգլերեն բառի արտասանությունը հայերեն տառերով գրել

Որպես առաջին հուշում՝ այո, և մեր այբուբենի էջերում այդպես էլ անում ենք։ Բայց ship-ն ու sheep-ը հայերեն տառերով երկուսն էլ «շիփ» են, man-ն ու men-ը՝ «մեն»։ Հենց այդ պատճառով այստեղ ամեն բառի կողքին IPA-ն է և լսելու կոճակը։

Ինչքա՞ն ժամանակ է պետք մեկ հնչյուն սովորելու համար

Ճշգրիտ թիվ չկա․ մեկը th-ն սովորում է մեկ երեկոյում, մյուսը՝ ամիսներով։ Ավելի օգտակար է ամեն օր մի քանի րոպե պարապելը, քան շաբաթը մեկ անգամ մեկ ժամը։

Աղբյուրներ

Անգլերենը՝ հայերեն բացատրություններով

Haylingua-ի անգլերենի դասընթացը կարճ դասերից է, բացատրությունները՝ հայերեն, և յուրաքանչյուր բառ կարելի է լսել։ Առաջին հինգ դասն անվճար է։